The Foundation > Գեղարվեստական խորհուրդ և կուրատորներ
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Մաեստրո
Վասիլի Պետրենկո
Գեղարվեստական խորհրդի նախագահ
«Շատ ուրախ եմ մասնակցելու նման կարևոր նախաձեռնության, որը նոր հնարավորություններ կբացի երիտասարդ հայ երաժիշտների համար։ Երիտասարդ երաժիշտներին օգնելը միշտ եղել է իմ առաջնահերթություններից մեկը, և այսօր՝ առավել քան երբևէ, նրանք մեր աջակցության կարիքն ունեն։ Իմ սերը Հայաստանի հանդեպ արդեն ավելի քան 35 տարվա պատմություն ունի, և անհամբեր սպասում եմ այն շատերի հետ կիսելու հնարավորությանը»։ – մաեստրո Վասիլի Պետրենկո
Վասիլի Պետրենկոն Ռոյալ Ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժշտական տնօրենն է (2021-ից), ինչպես նաև Եվրամիության Երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժորը (2015-ից)։ Նա «Ռոյալ Լիվերպուլ ֆիլհարմոնիկ նվագախմբի» պատվավոր դիրիժոր է՝ 2006–2021 թթ. գլխավոր դիրիժորի 15-ամյա փայլուն գործունեությունից հետո։ Բացի այդ, նա ղեկավարել է Ռուսաստանի Պետական Ակադեմիական Սիմֆոնիկ նվագախմբի գործունեությունը՝ որպես գլխավոր հրավիրված դիրիժոր, ապա՝ արվեստի տնօրեն (2016–2022), Օսլոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր (2013–2020), Մեծ Բրիտանիայի Ազգային երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր (2009–2013), ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի Միխայլովսկի թատրոնի գլխավոր հրավիրված դիրիժոր, որտեղ էլ սկսել է իր կարիերան՝ որպես մշտական դիրիժոր (1994–1997)։

Իլյա Գրինգոլց
Գեղարվեստական խորհրդի անդամ
«Բոլոր երաժշտությունները ժամանակին նոր են եղել։ Ինձ համար կասկած չկա, որ կոմպոզիտորներին և նրանց ստեղծագործական գործընթացին աջակցելը պետք է լինի ցանկացած երաժշտական գործունեության հիմքում։ Մեծ պատիվ է նաև իմ ներդրումն ունենալ Հայաստանում, որը հզոր պատմություն ու մշակույթ ունի, և որի հետ ունեմ շատ ուժեղ անձնական կապեր։ Իմ հույսն այն է, որ կօգնեմ զարգացնել նրա կրթական և երաժշտական ոլորտը»։ – Իլյա Գրինգոլց
Իլյա Գրինգոլցը նվաճում է հանդիսատեսին իր վիրտուոզ կատարումով և խորաթափանց մեկնաբանություններով՝ մշտապես փնտրելով նոր երաժշտական մարտահրավերներ։ Որպես մեծ պահանջարկ ունեցող մենակատար՝ նա նվիրում է իրեն ինչպես մեծ սիմֆոնիկ դասականներին, այնպես էլ ժամանակակից և հազվադեպ հնչող գործերին։ Նա հետաքրքրված է նաև պատմական կատարողական ավանդույթներով։ Նրա համերգային ծրագրերում ընդգրկված են Լեկլերի և Լոկատելիի վաղ շրջանի վիրտուոզ գործերը, ինչպես նաև Պագանինիի մեներգերն ու նվագախմբային ստեղծագործությունները։ Նրա շնորհիվ առաջին անգամ հնչել են նաև ժամանակակից կոմպոզիտորների՝ Փիթեր Մաքսվել Դևիսի, Օգուստա Թոմասի, Քրիստոֆ Բերտրանի, Բերնհարդ Լանգի, Բեատ Ֆուռերի և Միքայել Ժարելի գործերը։ 2020 թ. ամռանը Իլյա Գրինգոլցը և Իլան Վոլկովը հիմնեցին I&I հիմնադրամը ժամանակակից երաժշտության զարգացման համար՝ աջակցելով երիտասարդ կոմպոզիտորների։
ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ
ԴԱՇՆԱՄՈՒՐ

Դմիտրի Մասլեև
Կուրատոր
«Սուպեր-սոլիստ»․ այսպես ներկայացրեց France Musique-ը Դմիտրի Մասլեևին, երբ նա 2020 թ․ սկզբին հանդես եկավ Ֆրանսիայի Ազգային Նվագախմբի հետ՝ կատարելով Չայկովսկու Դաշնամուրային առաջին կոնցերտը։ Այդ ստեղծագործությունն էլ հենց սկիզբ դրեց նրա միջազգային կարիերային, երբ նա հաղթեց 2015 թ․ Չայկովսկու Միջազգային Դաշնամուրային Մրցույթում Մոսկվայում։ Դմիտրիի մենահամերգային դեբյուտը Փարիզի Ֆիլհարմոնիայում 2022 թ․ մարտին հաստատեց, որ մեր ժամանակների ամենահետաքրքիր դաշնակահարների շարքում նոր երևույթ է առաջ եկել․ «Ի՞նչ արտիստ է։ Ամեն ինչ այսքան պարզ, այսքան խելամիտ, առանց որևէ փորձի՝ երաժշտությունը բացատրելու», – գրել է Ալեն Լոմպեխը (Bachtrack)։
Դմիտրիի վերադարձը La Roque d’Anthéron փառատոն անցած ամառ նկարագրվեց La Provence-ում որպես «կախարդական երեկո, որտեղ վիրտուոզությունը միաձուլվեց հոգու ամենախոր լարերի հետ»։ Վերջին տարիներին նա հանդես է եկել նաև Klavierfestival Ruhr, Լուցեռն, Վերբիե, Մոնտրո, Ռեյնգաու, Բադ Քիսինգեն, Բոդենզեե, Բերգամո և Բրեշիա փառատոններում։
ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

Իրինա Կրասոտինա
Կուրատոր
Իրինա Կրասոտինան ունի պրոֆեսորի պաշտոն Պ․ Ի․ Չայկովսկու անվան Մոսկվայի Պետական Կոնսերվատորիայում և արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան։ Նա Իպոլիտով-Իվանովի անվան Պետական Երաժշտա-մանկավարժական Ինստիտուտի անսամբլի բաժնի ղեկավարն է։ Կրասոտինան նաև ստացել է իսպանական երաժշտության մագիստրոսի կոչում Բարսելոնայի Մարշալ Ակադեմիայում՝ լեգենդար իսպանացի դաշնակահարուհի Ալիսիա դե Լարոչայի դասարանում։
Կրասոտինան զգաց իր կրքը դասական երաժշտության հանդեպ վեց տարեկանում և յոթ տարեկանից սկսեց դաշնամուրի դասեր ստանալ։ Նրա միջազգային կատարողական կարիերան սկսվեց բազմաթիվ ռուսական և միջազգային դաշնամուրային մրցույթներից հետո։ Նա դարձել է միջազգային մրցույթների դափնեկիր Իտալիայում (Սենիգալիա, 1992; Ռագուզա, 1993; Տրանի, 1997), Է. Գրանադոսի անվան Բարսելոնայի Միջազգային Մրցույթում (Իսպանիա, 2001), Ա. Ռուսսելի անվան Սոֆիայի Միջազգային Մրցույթում (Բուլղարիա, 1996), Դ. Լիպատիի անվան Բուխարեստի Միջազգային Մրցույթում (Ռումինիա, 1997) և այլ մրցույթներում։ Հետագայում դրանցից շատերում հանդես է եկել որպես ժյուրիի անդամ։
ՋՈՒԹԱԿ

Մաքսիմիլիան Սիմոն
Կուրատոր
Անկախ նրանից՝ հանդես է գալիս որպես մենակատար, կամերային երաժիշտ, թե որպես Բեռլինի Ռադիո Սիմֆոնիկ Նվագախմբի երկրորդ ջութակների բաժնի փոխղեկ, Մաքսիմիլիան Սիմոնը բեմում ոգեշնչում է իր ինքնավստահ ներկայությամբ, տեխնիկական փայլով, արտահայտչական կատարմամբ և երաժշտության նկատմամբ իր վարակիչ էնտուզիազմով։ Սովորաբար հետաքրքրասեր և նոր մարտահրավերների պատրաստ, այս խարիզմատիկ երաժիշտը և GEWA Music-ի բրենդ-ամբասադորը կարողանում է գրավել ունկնդիրներին՝ ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից ու քիչ հայտնի ստեղծագործություններով։
Նրա մենակատարի կարիերայի կարևորագույն պահերից առանձնանում են Յուրի Բաշմետի հետ համերգները Ռոստով ամ Դոմում և Մոսկվայի կոնսերվատորիայում, որտեղ նա կատարել է Բեթհովենի ջութակի կոնցերտը և Կարլ Ամադեուս Հարթմանի «Concerto funèbre»-ն։ Բեռլինի Ֆիլհարմոնիայում նա հանդես է եկել Էրիխ Յ․ Վոլֆի ուշ ռոմանտիզմի ոճի ջութակի կոնցերտով՝ Բեռլինյան Սիմֆոնիկների հետ, Լիոր Շամբադալի ղեկավարությամբ։ Մամուլը գնահատել է նրա կատարումը որպես «հուզիչ երգեցողությամբ և վիրտուոզ փայլով», իսկ դահլիճի ուրախ արձագանքը հաստատել է այդ կարծիքը։
ԴԱՍԱԿԱՆ ԿԻԹԱՌ

Նիկիտա Նեդելկո
Մենթոր
Նիկիտա Նեդելկոն երիտասարդ սերնդի ռուս կիթառահարների ամենավառ ներկայացուցիչներից է։ Նա ծնվել է 1993 թ․ Վլադիվոստոկում։ Արդեն հանդես է եկել ԱՄՆ-ում, Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Սերբիայում և Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում։ Կիթառի դասերը սկսել է վեց տարեկանից՝ Նադեժդա Բուշևայի ղեկավարությամբ։ Շարունակել է ուսումը մանկական երաժշտական դպրոցում և Նովոսիբիրսկի Ա․ Ֆ․ Մուրովի անվան Երաժշտական պետական քոլեջում՝ ՀՌՖ վաստակավոր մշակութային գործիչ Յուրի Կուզինի դասարանում։

Վալերիա Գալիմովա
Մենթոր
«Կրքոտ կատարող և երաժշտական կանոնների խիստ պահպանող։ Նրա համբերությունը, կատարելասիրությունը, նվիրվածությունը և զարգացման ձգտումը լավագույն համադրությունն են՝ գերազանցության բարձրագույն մակարդակին հասնելու համար։ Մեծ սիրտ ու երազանքներն իրագործելու վճռականություն ունեցող անձնավորություն»։ – Ռիկարդո Գալյեն (Իսպանիա)։
Վաղ տարիքից Վալերիա Գալիմովան դրսևորել է իր տաղանդն ու ինքնատիպությունը որպես կիթառահար։ 14 տարեկանում՝ դեռևս որպես երաժշտական դպրոցի աշակերտուհի, նա հրավիրվել է Մեքսիկայի Պուեբլա քաղաքում անցկացվող միջազգային մանկական փառատոնին՝ որպես արտիստ և ժյուրիի անդամ։
Իր մասնագիտական գործունեության տարիներին Վալերիան արժանացել է Ռուսաստանի նախագահի մրցանակներից մեկին և 2014-ին հաղթել է Դելֆյան խաղերում՝ ստանալով ոսկե մեդալ։ Նա նաև 10 անգամ շահել է առաջին մրցանակներ ազգային և միջազգային մրցույթներում։

Վահան Սարգսյան
Ուսուցիչ
Վահան Սարգսյանը ծնվել է 2002 թ․ հունվարի 30-ին, Երևանում։ Երաժշտությամբ սկսել է զբաղվել 10 տարեկանից։ Ավարտել է Պ․ Ի․ Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ դպրոցը։ Զորակոչից հետո ուսումը շարունակել է Կոմիտասի անվան Երևանի Պետական Կոնսերվատորիայում, որտեղ ներկայումս բակալավրի երկրորդ կուրսի ուսանող է։
Վահանը բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է․ երկրորդ մրցանակ՝ Թբիլիսիի միջազգային դասական կիթառի մրցույթում, մրցանակ՝ Պլևենի միջազգային գիթառային փառատոն-մրցույթում, Գրան Պրի՝ «Renaissance» միջազգային փառատոնում, առաջին մրցանակ՝ «Art Music» միջազգային փառատոնում։